Եթե հարցնենք՝ ո՞րն է ամենաթունավոր սունկը, շատերը կպատասխանեն՝ ճանճասպանը: Սակայն ճանճասպանը մի շարք թունավոր սնկերի ցեղի հավաքական անվանումն է: Այդ ցեղում և, առհասարակ, աշխարհում ամենաթունավոր սունկը համարվում է դժգույն գարշասունկը:
Այս մահացու թունավոր սունկը տարածված է ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում, որտեղ հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Անփորձ սունկ հավաքողները հաճախ այն շփոթում են ուտելի սնկի, դառնամատիտեղի և շամպինիոնի հետ: Սակայն այն շատ հեշտությամբ մնացած սնկերից կարելի է տարբերել իր ձիթապտղագույն գլխիկի գույնով, ոտիկի սպիտակ օղակով և պատյանի առկայությամբ:
Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի վտանգավոր տոքսիններ՝ բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը: Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան՝ սնկի՝ գետնի տակ գտնվող մարմինը: Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի մեկ երրորդը: 1 կգ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0.1 միլիգրամը: Այսինքն՝ 7 գ ամատոքսինը բավարար է 70 կգ կշռող մարդուն սպանելու համար: Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են:
