Բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը ունի խելք և կարող է մտածել, պատկերացնել, իսկ կենդանիները ապրում են իրենց բնազդներով։

  1. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Եթե չլինի բնություն, չի լինի նաև մարդը։ Բնության մեջ են մեր ապրելու համար անհրաժեշտ բաները՝ջուր, բույսեր, որոնք մեզ թթվածին են տալիս։Մարդը չի կարող ապրել առանց բնության։

  1. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Մարդը կտրում է ծառեր և ոչնչացնում է անտառներ, սպանում է եզակի կեդանիներին, աղտոտում է շրջապատը։

  1. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Մարդիկ տնկում են ծառեր, ծաղիկներ, մաքուր են պահում շրջակայքը,մշակում են հողը։